Диаспора

Второе дыхание школы

Դպրոցի երկրորդ շնչառությունը

1992-1993թթ. աբխազա-վրացական պատերազմը իր ավերիչ հետևանքները թողեց ամեն ինչի վրա, այդ թվում նաև դպրոցների: Իսկ հայկական դպրոցների վիճակն Աբխազիայում անմխիթար էր դեռևս խորհրդային տարիներին, պատերազմն էլ հասցրեց ծայրահեղ ծանր վիճակի:

    Գագրայի Խ. Աբովյանի անվան համար 3 հայկական դպրոցը մեծ հեղինակություն էր վայելում հանրապետությունում, գիտեին նաև Հայաստանում: Այս դպրոցն ավարտող շատ սաներ մասնագիտական բարձր գիտելիքներ են ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և այժմ շարունակում են աշխատել Աբխազիայում և նրա սահմաններից դուրս:

   Պատերազմի տարիներին և հետո շատ վնասներ հասցվեցին դպրոցին. հրկիզվեցին դպրոցին կից գրադարանի և ճաշարանի մասնաշենքերը (դրանց տեղն այժմ դատարկ է), վառեցին նաև տղաների աշխատանքի արհեստանոցը, միջի եղածներն էլ թալանվեցին: Դպրոցի ներսում նույնպես վիճակն անմխիթար էր` արդեն հնամաշ սեղաններ ու աթոռներ, փտած պատուհաններ` կոտրտված ապակիներով ու ծակծկված գրատախտակներ, անհրապույր պատեր ու հատակ: Այս և այլ շատ բաներ խելքի բերելու համար հարկավոր էր մեծ գումար, որն, իհարկե, տեղական իշխանությունը ի վիճակի չէր տրամադրելու:

    Բայց, փառք աստծո, գտնվեցին սրտացավ ու հայաշունչ ոգով հայեր, որոնք օգնության ձեռք մեկնեցին դպրոցին: Դպրոցի վերածննդի առաջին քայլը կատարեց ծնունդով գագրայեցի, այժմ մոսկվայաբնակ, համալսարանի դասախոս, ակադեմիկ Կալենջյան Սերգեյը, որի նվիրատվությամբ հիմնվեց համակարգչային կաբինետ` 5 համակարգիչով: Երկար ժամանակ դպրոցը հպարտանում էր դրանով:

   Լավ օրինակը միշտ էլ վարակիչ է: Դպրոցի ֆիզիկայի կաբինետը այնպես վերանորոգվեց և կահավորվեց ժամանակակից պահանջներով, որ երևի Ռուսաստանի շատ դպրոցներ կնախանձեին: Եվ դրանում մենք խորապես երախտապարտ ենք արժանավոր հայորդի մոսկվայի բնակիչ Վիկտոր Վիլիկի Վարդապետյանին, որը հայտնի է Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս որպես խոշոր մասնագետ կրթյության և կաբինետների ժամանակակից կահավորման գործի կազմակերպման մեջ:

          Վերջերս Աբխազիայի իշխանությունները հանրապետության բոլոր դպրոցներն ապահովեցին նոր գրատախտակներով ու աշակերտական սեղաններով ու աթոռներով: Հետևեցին աբխազերենի կաբինետի վերանորոգումն ու կահավորումը, որն իր վրա վերցրեց դպրոցի նախկին սան և այժմ հայտնի հասարակական գործիչ և գործարար Գալուստ Տրապիզոնյանը, ինչպես նաև հայերենի կաբինետի վերանորոգումը, որն իրագործվեց Գագրայի քաղաքապետ Աստամուր Կեցբայի օգնությամբ: Այնուհետև որոշ դասասենյակներ կարգի բերվեցին ծնողների ուժերով, իսկ քիմիայի կաբինետը ամբողջովին վերափոխվեց և կահավորվեց քաղաքում հայտնի գործարար Մինասյան Ալիկի միջոցով: 

    Ցավոք սրտի, առ այսօր չեն վերանորոգվել և կարգի բերվել դպրոցի գրադարանը, հայ գրականության, ռուսերենի, պատմության և աշխարհագրության և օտար լեզվի կաբինետները, ինչպես նաև որոշ դասասենյակներ տարրական դասարանների համար:

      Բայց այն, ինչպիսի փոփոխություններ եղան այս վերջին երկու-երեք ամիսների ընթացքում, դպրոցն երազել անգամ չէր կարող: Սա եղավ այն ժամանակ, երբ դպրոցի տնօրեն դարձավ Աբխազիայում և նրա սահմաններից դուրս մեծ անուն ու պատիվ ունեցող, Աբխազիայի հերոս, պատերազմից անմիջապես հետո Աբխազիայի կրթության նախարարության փոխնախարար, երկար տարիներ Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր, Աբխազիայի հայկական համայնքի նախկին նախագահ, այժմ հայտնի գործարար Գալուստ Փառնակի Տրապիզոնյանը: Նա, իր գալով դպրոց, իսկական հեղաշրջում արեց: Նրան հարգելով և վստահելով`Գտնվեցին բարերարներ, որոնց տված գումարներով նա կարճ ժամկետում փոխեց դպրոցի եռահարկ շենքի համարյա բոլոր պատուհանները`դնելով նոր եվրո պատուհաններ, հիմնովին քանդեց շենքի ներսում գտնվող 3 սանհանգույցները` դարձնելով դրանք հարմարավետ ու հաճելի. Էքսկավատորով հողին հավասարեցրեց դպրոցին կից նախկին մասնաշենքերի փլատակներըև մաքրեց դպրոցի շրջակա տարածքը: Ուսման որակը բարձրացնելու և սովորողներին խրախուսելու համար առաջին կիսամյակը գերազանց գնահատականներով փակողներին դրամական պարգևատրումներ արեց:

     Հունվարին տաղի ունեցավ առաջին կիսամյակն ամփոփող ծնողական ժողովը: Դպրոցի դահլիճը վերջին տարիներին այդքան մարդաշատ չէր եղել: Նշանակում է` մարդիկ հարգում են նրան, հավատում և վստահում, իսկ երբ կա հարգանք ու վստահություն, այնտեղ գործը առաջ կգնա:

     Իհարկե, դրանով դպրոցի առաջ ծառացած խնդիրները լիովին չեն լուծվել: Եթե ուզում ենք դասավանդման որակը բարձրացնել ժամանակակից պահանջների մակարդակին, եթե ուզում ենք ժամանակի առաջընթացին համապատասխան հայ տղաներ ու աղջիկներ կրթել ու դաստիարակել, ապա դեռ շատ անելիքներ կան: Նոր տնօրենի ծրագրերի մեջ մտնում են լավ մարզադահլիճ, դպրոցին կից հայկական մանկապարտեզ, ժամանակակից տեխնիկայով կահավորված կաբինետներ ստեղծել, իսկ դրա համար մեծ ծախսեր են հարկավոր: Եթե այսքանը կարողացանք անել, եթե գտնվեցին հայացավ մարդիկ, որոնք իրենց ներդրումն ունեցան դպրոցի վերածննդի մեջ,ապա հավատացած ենք, որ այսուհետ ևս կգտնվեն հայաշունչ մարդիկ, որոնք օգնության ձեռք կմեկնեն ավարտին հասցնելու դպրոցի վերածննդի գործը:

Ամալյա Կապիկյան       

Обсудить на форуме >>>
Loading