Диаспора

2011թ. սեպտեմբերի 23

ք. Երևան

 

Ջավախքահայությունը դիմում է սփյուռքին՝ ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախքահայության իրավունքների գործողություններ ձեռնարկելու կոչով

«Երկիր» միությանն առձեռն փոխանցվել ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախքահայության իրավունքների հանրագիր (կից ստորագրություններով)՝ ուղղված 2011թ. սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայացած սփյուռքահայ կազմակերպությունների համաժողովի մասնակիցներին: Հանրագիրը կազմվել է Ջավախքում, այն ստորագրել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմի  և Ծալկայի շրջաններում բնակվող ավելի քան 1400 մարդ:

Հանրագիրը կից ստորագրություններով մոտակա ժամանակում փոխանցվելու է ՀՀ սփյուռքի նախարարությանը:

Ստորև ներկայացնում ենք հանրագրի տեքստն ամբաղջությամբ և առանց փոփոխության:

 

Հանրագիր ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի

2011թ. սեպտեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող սփյուռքահայերի համաժողովի մասնակիցներին

Պատճենը՝   ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսյանին

ՀՀ ազգային ժողովին

ՀՀ և սփյուռքի կուսակցություններին, կազմակերպություններին և կառույցներին

                        ՀՀ-ում արտերկրների դեսպաններին

Ջավախքի ժողովրդից կոչ

 Ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» կազմակերպության նախագահ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, այլ նաև ջավախքահայության պահպանման, Ջավախքը թուրքերով վերաբնակեցմանը դեմն առնելու, ՀՀ-ն կատարյալ շրջափակումից  զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով:   

 Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ՝ ձեր երկրների իշխանությունների և միջազգային կառույցների միջոցով պահանջել Վրաստանի հանրապետության իշխանություններից.

ա. Դադարեցնել Վահագնի նկատմամբ բանտում կատարվող բռնարարքները և սադրանքը

բ. Դադարեցնել նրա ընտանիքի անդամների, համախոհների նկատմամբ ճնշումները

գ. Արդարացնել շինծու մեղադրանքներով ազատազրկված Վահագն Չախալյանին և անհապաղ ազատ արձակել նրան,   

դ. Տարածաշրջանում վրացերենի հետ միասին, հայոց լեզվին տալ պետական կարգավիճակ,

ե. Վերացնել ՀՀ ու սփյուռքի հայ ազգային գործիչների մուտքի արգելքը Վրաստան:

 

Обсудить на форуме >>>
Loading