Հայրենիքիս ջուրը Վերքիս դեղ ու սպեղանին, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը, Քաղցր ես, քան նռան գինին, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը: Խմողը շատ ուշ կմեռնի, Քիչը՝ հարյուր տարի կապրի, Ամեն երկիր չի գտնվի, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը: Բյուրակնյան սարից կըտեղա, Կոհակներու մեջ հոգի կա, Դրախտի միջից դուրս կուգա, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը: Անմահական աղբրից է, Եդեմի սուրբ երկրից է, Ադամա խմած ջրից է, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը: Հայկ պապս նրանից խմեց, Զորեղացավ, Բելին հաղթեց, Սրբում, տանում է ցավ ու ցեց, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը: Վարդան Վահաններ է տվել, Դշխո Շուշանիկ է ծնել, Սանդուխտ կույս է առաջ բերել, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը: Հիշե պանդուխտ Հայկազունին, Միտ բեր օջախդ հայրենի, Կաթի ու մեղրի համ ունի, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը: Դառն են ջրեր օտար երկրին, Աղի, լեղի են, համ չունին, Արդյո՞ք պիտի խմեմ կրկին, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը: Մեր երկիրը մթնել է, Կարծես մեր աստղը ընկել է, Ալ արյունով ներկվել է, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը: Ջիվան, հրեշներ են եկել, Բնիկներին դուրս են վանել, Օձերն ու գորտերն են խմել, Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը: