Публикации из СМИ

Интервью Гагика Габриеляна газете "АРАВОТ"

Արտերկրում մեր արվեստի տարածման գործում իրենց ավանդն ունեն նաեւ աշխարհահռչակ հայ անվանի արվեստագետների անվամբ գործող հիմնադրամները: «Առավոտը» հանդիպեց Մոսկվայի «Արամ Խաչատրյան» հիմնադրամի տնօրեն, Ռուսաստանի հայերի միության մշակութային ծրագրերի համակարգող Գագիկ Գաբրիելյանի հետ: Նա 2002թ. տնօրինում է հիմնադրամի աշխատանքները, իսկ ավելի վաղ՝ 2000-ից, համակարգում միության մշակութային ծրագրերը:

Մեր զրուցակիցն ասաց, որ վերջին շրջանում հաճախ է լինում Հայաստանում: Այս այցի համար երկու առիթ կար՝ իր մասնակցությունը օրերս Երեւանում ավարտված Հայաստան-Սփյուռք համաժողովի աշխատանքներին եւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մեկնարկած Խաչատրյանական միջազգային փառատոնին:

Զրույցի սկզբում Գագիկ Գաբրիելյանը նշեց, որ լայն շրջանակներում տարածված է այն թյուր կարծիքը, թե ցանկացած հիմնադրամ աշխատում է կոնկրետ տվյալ մեծանուն արվեստագետի ստեղծագործություններն աշխարհում հանրայնացնելու ուղղությամբ: «Մենք կազմակերպում ենք համերգներ, կլոր սեղաններ՝ նվիրված հայ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններին: Այդ նպատակով հրավիրում ենք ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրում ապրող ու ստեղծագործող ճանաչված երաժիշտների, օրինակ՝ 2011թ. իսկապես մեծ շուքով Եվգենի Սվետլանովի անվան դահլիճում հրավիրել էինք ճանաչված երաժիշտներ, լոնդոնաբնակ ճանաչված թավջութակահար Կարինե Գերգիանին, ջութակահար Հայկ Գազազյանին, Երեւանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին, որոնք ներկայանալի ծրագրով հանդես եկան Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Հիմնադրամի հրավերով տարբեր տարիներին Մոսկվայում իրենց արվեստն են ցուցադրել դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը, Վահագն Պապյանը (Իսրայել), ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Կարեն Շահգալդյանը, օպերային երգիչներ Հասմիկ Պապյանը (Ավստրիա), Անահիտ Մխիթարյանը, Օլգա Գաբայանը, Արաքս Դավթյանը, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, Գեւորգ Մուրադյանի ղեկավարած Արցախի պետական կամերային նվագախումբը եւ այլն»,- հայտնեց պարոն Գաբրիելյանը: Հավելեց նաեւ, որ նույն սվետլանովյան դահլիճում 1700 հանդիսատեսի ներկայությամբ 2000 թվականից հիմնադրամն անցկացնում է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երեկոներ: «Հիշարժան էր ՌԴ Յուրլովի անվան պետական կապելլայի մեկնաբանմամբ Կոմիտասի ու Եկմալյանի ստեղծագործությունների կատարումը հայերենով: Նաեւ կազմակերպում ենք նշանավոր երաժիշտներին նվիրված հոբելյանական եւ հուշ-երեկոներ, օրինակ՝ Մեծ թատրոնի հետ համատեղ անցկացրինք անվանի օպերային երգիչներ Պավել Լիսիցյանի եւ Զառա Դոլուխանյանի հոբելյանական երեկոները: Այս կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը հրատարակել էր նրանց կյանքին ու ստեղծագործական գործունեությանը նվիրված մենագրություններ, CD-ներ եւ այլն: Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Հայ պատմաբաններ» մատենաշարը եւ ռուսերեն արդեն հրատարակվել 6 գիրք: Պարոն Աբրահամյանի ջանքերով 2002թ. Մոսկվայի Մորիս Թորեզի անվան լեզվաբանական, այնուհետեւ՝ 2010-ին պետական համալսարաններում բացվեցին հայագիտության ամբիոններ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Նշեց, որ 2010թ. ՌԴ հայերի միության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվել է հայ արվեստին նվիրված կոնֆերանս՝ աջակցությամբ նախարար Հասմիկ Պողոսյանի, Արա Աբրահամյանի եւ պրոֆեսոր Լեւոն Չուքասզյանի:

Պարոն Գաբրիելյանը հայտնեց նաեւ, որ խաչատրյանական հիմնադրամն անցկացնում է հայ մշակույթի այլ ոլորտները ներկայացնող միջոցառումներ եւս, օրինակ՝ Մոսկվայի կինոյի տանը տարբեր առիթներով ցուցադրվել են Սերգեյ Փարաջանովի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Ներսես Հովհաննիսյանի, Վիգեն Չալդրանյանի ֆիլմերը, կազմակերպել են գեղանկարչական եւ ժողովրդական արվեստի աշխատանքների ցուցադրություններ Ռուսաստանում, նաեւ արտերկրում:

Դիտարկմանը՝ Արամ Խաչատրյանի արվեստը վաղուց ցանկալի է աշխարհում, հետեւաբար ակնկալվում է, որ հիմնադրամի աշխատանքները ընթանում են սահուն, առանց ձգձգումների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, անունն՝ անուն, բայց այդ նույն հնչեղ անունը շատ պարտավորեցնող է, հետեւաբար ցանկալի արդյունք ստանալու համար պահանջվում է մեծ աշխատանք: Հիմնադրամը երաժշտական գրականությամբ օգնում է հայաստանյան պետական կոլեկտիվներին, կազմակերպում հայաստանյան մշակութային օջախների ու անհատ կատարողների ռուսաստանյան հյուրախաղերը»:
Հարցին, թե ի՞նչ կարծիքի է հայաստանյան մշակութային կյանքի մասին, Գագիկ Գաբրիելյանի պատասխանը հետեւյալն էր. «Մեր փոքրիկ, բայց դարավոր բարձրակարգ մշակույթ ունեցող երկիրն այսօր ունի պետական թատրոններ, 4 սիմֆոնիկ նվագախումբ, այդ թվում՝ նաեւ Գյումրիում, կամերային նվագախումբ, կվարտետներ, տրիոներ: Երեւանի օպերային թատրոնի խաղացանկում են համաշխարհային այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Վերդիի «Աիդան», Խաչատրյանի «Սպարտակը», էլ չեմ խոսում բազմաթիվ երաժշտական, թատերական ու կինոյի ոչ միայն տեղական, այլեւ միջազգային փառատոների մասին…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2014

www.aravot.am

Архив «Публикаций из СМИ»
Loading