Новости САР

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի ելույթը

19 սեպտեմբերի, 2014թ.

Երևան

Հարգարժան պարոն վարչապետ,

Վեհափառ տերեր,

Հարգելի տիկնայք եւ պարոնայք

 

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության անունից սրտանց ողջունում եմ Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի մասնակիցներին:

Վերջին տարիներին Հայրենիք - Սփյուռք աշխատանքներում կան զգալի ձեռքբերումներ: Դրանք պայմանավորված են նաեւ նրանով, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ձեւավորեց Սփյուռքի նախարարություն, որը յոթ տարիների ընթացքում անցել է տասնամյա գործունեությանը համարժեք ճանապարհ, եւ այսօր, շնորհիվ նաեւ նախարար Հրանուշ Հակոբյանի եռանդուն աշխատանքի, մեծ հեղինակություն է վայելում Սփյուռքում:

Հայաստանի անկախությունը, ազատությունը եւ զարգացումը համազգային արժեք են աշխարհի բոլոր հայերի համար: Մենք ասում ենք, որ «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է»: Հետեւաբար Հայրենիքում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուր սփյուռքահայ, գալով Հայաստան, իրեն զգա ինչպես իր տանը: Միաժամանակ յուրաքանչյուր հայի համար անհրաժեշտ է լինել հայրենիքում, տեղում զգալ առկա խնդիրները` շրջափակում, արտագաղթ, գործազրկություն, քաղաքային եւ գյուղական բնակավայրերի անհավասար զարգացում: Հայաստանը մեր հայրենիքն է եւ միայն մենք կարող ենք հզորացնել այն: Մեզանից բացի դա ոչոք չի անելու:

Սփյուռքում և հայրենիքում մենք մշտապես զգում ենք համաշխարհային փոփոխությունների նոր շունչը: Նոր ժամանակը նոր պահանջներ է առաջադրում, որոնց արձագանքելու համար   ինքներս պետք է փոխվենք եւ գործենք առավել արագ և արդյունավետ: Իսկ արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ձեւավորել ժամանակակից ազգային-պետական մտածելակերպ: Այն է` միաժամանակ եւ’ պահպանել մեր արժեքները, եւ’ կարողանալ լինել արդիական: Ինչպես նաեւ արագացնել համահայկական որոշումների ընդունման եւ իրականացման գործընթացը: 

Մեր ազգային զարգացումը պահանջում է ձեւավորել Հայաստանի եւ Սփյուռքի համագործակցության ժամանակակից համակարգ, նոր մեխանիզմներ: Հատկապես օգտագործել մեր բոլորի հնարավորությունները, միջազգային հարաբերություններում հայկական ինքնուրույն գործոնի ամրապնդման համար: Խիստ անհրաժեշտ է բարձրացնել աշխարհում մեր ազգային մրցունակությունը:

Մենք կարեւորում ենք Հայ Առաքելական Եկեղեցու հսկայական գործունեությունը մեր հավատի պահպանության, եկեղեցու եւ ժողովրդի միասնության ապահովման, մեր առօրյա կյանքը քրիստոնեական արժեքներին համապատասխան կազմակերպելու եւ հայապահպանության գործում: Եվ անհրաժեշտ է, որ բոլորս  աջակից լինենք մեր հավատի պահպանման սուրբ գործին:

Հարգելի գործընկերներ

Հաջորդ տարի աշխարհասփյուռ հայությունը նշելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Մեր կազմակերպությունը միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին գրավոր ներկայացրել է առաջարկություններ: Մենք աշխատում ենք ՀՀ սփյուռքի նախարարության հետ եւ պատրաստ ենք համագործակցել բոլոր կառույցների հետ իրականացնելու համար եղած իրատեսական առաջարկությունները:

Այժմ հետագա գործունեության բարելավման վերաբերյալ:

1.     ՀՀ նախագահի առաջարկությամբ ստեղծվելու է համազգային խորհուրդ: Խորհրդի գործունեությունը կձեւավորի համազգային խնդիրների համատեղ քննարկան եւ առավել արդյունեվետ որոշումների ընդունման մեխանիզմ: Կհզորացնի մեր ազգային շահերի պաշտպանությունը աշխարհում, և հնարավորություն կտա համակարգելու Սփյուռքի լոբբիստական կազմակերպությունների աշխատանքը:

Այս կարեւոր նախաձեռնության առավել արագ  իրականացման համար, եկեք Համաժողովի շրջանակներում քննարկենք եւ լրացուցիչ ներկայացնենք մեր առաջարկությունները:

Օրինակ, կարծում ենք, որ Խորհրդի  կարեւոր խնդիրներից կլինի մշակել Սփյուռքի անվտանգության եւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ռազմավարական զարգացման հայեցակարգ: Առաջարկում ենք նաեւ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունում ընդլայնել Սփյուռքին վերաբերող հատվածը:

2.     Գտնում ենք, որ հրատապ է դարձել իրականացնել մեր վաղեմի գաղափարը և ձեւավորել տնտեսական համահայկական ամենամյա ֆորում, որի մասնակիցները կարող են լինել եւ հայ, եւ այլազգի գործարարները: Առաջարկում ենք, որպեսզի Ֆորումի նախագահ հանդիսանա Հայաստանի Հանրապետության Վարչապետը: Համաշխարհային հայկական կոնգրեսը արդեն իսկ իրականացրել է նման ֆորումներ եւ հետագայում պատրաստ է կառավարության հետ համատեղ հանդես գալ որպես կազմակերպիչ: Ֆորումի շրջանակներում Երեւանում կարելի է ստեղծել նպատակային ծրագրերի եւ բիզնես նախագծերի կենտրոն` Սփյուռքի գործարարների եւ մասնագետների մասնակցությամբ: Ֆորումը կարելի է անցկացնել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա նվիրված տոնակատարությունների նախօրյակին:

3.     Մեր ապագան եւ մեր համազգային նպատակների իրականացումը պայմանավորված է երիտասարդության նկատմամբ մեր վերաբերմունքով և երիտասարդությանը ցուցաբերված աջակցությամբ: Ուստի առաջարկում ենք

·      Հայաստանի Հանրապետությունում ընդունել օրենք Երիտասարդության մասին եւ օրենքով ամրագրել Երիտասարդության օրը

·      ձեւավորել համահայկական երիտասարդական կազմակերպությունների միություն

Համաժողովի հարգելի մասնակիցներ

Մեր բոլոր առաջարկությունները առավել մանրամասն մենք կներկայացնենք թեմատիկ քննարկումերի ընթացքում: 

Ավարտելով կցանկանայի երախտագիտությունս հայտնել Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, անձամբ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, ինչպես նաև՝ համաժողովի կազմակերպիչներին:

Բոլորիս մաղթում եմ հաջողություններ ի բարօրություն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի եռամիասնության:

Շնորհակալություն ուշադրության համար

Loading