• Новости
  • Новости САР
  • Газета «Азг» о международной конференции «Геноцид. Память и предупреждение», проведенной Союзом армян России при поддержке Правительства Москвы в «Президент-Отеле» 24 апреля 2026 года

Газета «Азг» о международной конференции «Геноцид. Память и предупреждение», проведенной Союзом армян России при поддержке Правительства Москвы в «Президент-Отеле» 24 апреля 2026 года

Статья Гоар Ботоян.

Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողով

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։ Այն ոչ միայն սգո օր է, այլ՝ հիշողության, արժանապատվության և պատասխանատվության օր՝ ուղղված ապագային։

Ապրիլի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ցեղասպանություն․ հիշողություն և կանխարգելում» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր Ռուսաստանի հայերի միության կողմից։ Ի դեպ, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նմանատիպ համաժողովներ և ոգեկոչման միջոցառումներ Ռուսաստանի հայերի միությունը՝ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, կազմակերպում է արդեն շուրջ 25 տարի շարունակ։

Մոսկվայի «Պրեզիդենտ-Հոթել»-ի մեծ կինոդահլիճը բառացիորեն ի զորու չէր տեղավորել բոլոր ցանկացողներին, ինչը վկայում էր միջոցառման մեծ հետաքրքրության և կարևորության մասին։

Միջոցառումը սկսվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձների ընթերցմամբ, որին հաջորդեց համատեղ աղոթքը՝ որպես հիշողության, միասնության և հոգևոր համախմբման խորհրդանիշ։

Այնուհետև Մոսկվայի ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի վարչության ղեկավար Վիտալի Սուչկովը ներկայացրեց Մոսկվայի փոխքաղաքապետ Ալեքսանդր Գորբենկոյի ուղերձը։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ներկայացրեց հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում վարվող քաղաքականությունից բխող խնդիրները՝ ռուս-հայ հարաբերությունների վատթարացումը և դրա հետևանքով անվտանգության համակարգի թուլացումը, հասարակական պառակտումների խորացումը, հոգևորականության նկատմամբ հալածանքները և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեզրկման փորձերը, Ցեղասպանության հիշատակը մոռացության մատնելու միտումները, Արցախի հանձնումը, գերիների ազատ արձակման հարցում անգործությունը և այլ հարցեր։

Համաժողովում ելույթներով հանդես եկան տարբեր երկրների և ոլորտների բազմաթիվ հեղինակավոր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի նախագահ Պավել Ակոպովը, քաղաքագիտության պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը, պատմաբան-արևելագետ Ալեքսեյ Մուրավյովը, պետական և հասարակական գործիչ Նատալյա Նարոչնիցկայան, Հնդկաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, ռազմական վերլուծաբան Դայալ Բիշամբերը, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունյանը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և այլք։

Միջոցառմանը ներկա պատվավոր հյուրերի թվում էին ՌԴ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, ինչպես նաև Ռուսաստանի գիտության, մշակույթի և հասարակական կյանքի ներկայացուցիչներ։

Համաժողովը, սակայն, միայն պաշտոնական ելույթների և քննարկումների հարթակ չէր։ Այն նաև վերածվեց հիշողության և զգացմունքի խորքային վերապրման՝ միավորելով պատմությունը, արվեստն ու հոգևոր ապրումը։

Դուդուկի հուզիչ հնչյունների ուղեկցությամբ՝ երաժիշտ Հարություն Խաչատրյանի կատարմամբ, ցուցադրվեցին «Դատը գնում է» ներկայացումից տեսարաններ, որոնք հիշեցրին պատմական արդարության համար մղված պայքարը։

Նույն օրը Մոսկվայի հայկական թատրոնում ցուցադրվեց նույնանուն ֆիլմ-ներկայացումը՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը՝ մի պատմություն, որտեղ արդարությունը հաղթեց պատմական ճշմարտությանը։

Միջոցառման ավարտին հանդիսատեսի սրտերը հուզեցին «Ապրիլ Խաղաղ» համույթի երիտասարդ կատարողները՝ ներկայացնելով «Երանի» երգը, որը դարձավ օրվա խորհրդանշական եզրափակում։

Հիշողությունը միայն անցյալի մասին չէ։ Այն պատասխանատվություն է՝ ներկայի և ապագայի հանդեպ։

Ապրիլի 24-ը շարունակում է միավորել հայությանը աշխարհի տարբեր ծայրերում՝ դարձնելով այն ոչ միայն սգի, այլ նաև արժանապատվության, ինքնության և արդարության պահանջի օր։

Քանի դեռ հիշողությունը կենդանի է, պատմությունը չի լռում։

Եվ քանի դեռ այն փոխանցվում է սերունդներին, այն չի պարտվում։

Հ․Գ․- Համաժողովի ավարտին իմ կողմից Արա Աբրահամյանին ուղղվեց վերջին շրջանում մամուլում ակտիվորեն շրջանառվող այն լուրերի վերաբերյալ հարցը, ըստ որոնց՝ նա շուտով պետք է հեռանա Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ, գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Արա Աբրահամյանը այդ տեղեկությունները գնահատեց որպես անհեթեթ և իրականությանը չհամապատասխանող՝ ընդգծելով, որ մեծ հարգանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին և վստահ է, որ նրան քաջ հայտնի է, որ այդ պաշտոնը նշանակովի չէ, այլ՝ ընտրովի։ Նա հիշեցրեց, որ ընդամենը վերջերս՝ 2025 թ․ դեկտեմբերի 7-ին Կրեմլում կայացած համագումարում կրկին ընտրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ՝ բարձրաստիճան հյուրերի լայն մասնակցությամբ, և որ այդ առիթով նրան ողջույնի խոսք է հղել անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելին, Արա Աբրահամյանը նշանակվել է նաև ՌԴ նախագահի առընթեր տեղեկատվության և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, ինչը ևս վկայում է նրա բարձր հեղինակության և վստահության մասին պետական մակարդակում։ Ի դեպ, այդ հանձնաժողովում ընդգրկված են պետական և դիվանագիտական ոլորտի բարձրակարգ ներկայացուցիչներ՝ Ռուսաստանի արտգործնախարարության Տեղեկատվության և լրատվության վարչության տնօրեն Մարիա Զախարովան և այլք։

Հատկանշական է նաև, որ 2025 թ․ դեկտեմբերի 24-ին Կրեմլում կայացած պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում Արա Աբրահամյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով, որը նրան անձամբ հանձնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պետք է ընդգծել, որ Արա Աբրահամյանը երկար տարիներ ղեկավարում է Ռուսաստանի հայերի միությունը՝ իրականացնելով լայնածավալ և հետևողական աշխատանք։ Նրա գործունեության շնորհիվ համախմբվել են ռուսաստանաբնակ հազարավոր հայեր, ամրապնդվել են նրանց կապերը միմյանց և Հայաստանի հետ։ Նրա կատարած աշխատանքը բարձր են գնահատում բազմաթիվ մեր հայրենակիցներ, որոնց նա տարիներ շարունակ աջակցել է՝ դժվարին պահերին կանգնելով նրանց կողքին։

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «ԱԶԳ»-ի հատուկ թղթակից

Источник: https://azg.am/news
Автор фотографии: https://azg.am/news
Назад
My Image
партнеры
Союза армян
россии
партнеры Союза армян россии